«Երբ արտագաղթը դադարի, ներգաղթի դուռն էլ կբացվի»
29.11.2019 | 03:19
«Իրատեսը» շարունակում է զրույցը գրող ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
(Նախորդ մասը)
-Պարոն Գրիգորյան, մեր երկրում հիմա շատ է խոսվում հայրենադարձվելու, հայաստանաբնակ դառնալու հրամայականի մասին: Որքանո՞վ է իրատեսական այդ ծրագիրը։ Ինչպիսի՞ պայմաններ պիտի ստեղծվեն, որ հայը թողնի դրսում իր ստեղծած հնարավորությունները և գա ապրելու հարենիքում։
-Բարդ հարց է, միայն հայրենասիրական նկրտումներով չլուծվող։ Ինչքա՜ն պիտի զարգանա Հայաստանը, որպեսզի գրավիչ լինի ոչ միայն որպես հայրենի հող, այլև որպես կեցության ու գործունեության վայր։ Դժվար խնդիր է: Գուցե՝ ոչ անհնարին, բայց դժվար։ Նաև չմոռանանք, որ սփյուռքը ոչ հեշտ ժամանակներ է ապրում։ Հայապահպանության իմաստով։ Խոսքս դասական սփյուռքի մասին է։ 1988-ին Փարիզում ականատես եմ եղել վերջին հայկական դպրոցի փակմանը: Կահիրեում հայկական դպրոց եմ մտել, որտեղ դասարաններում ընդամենը մի քանի աշակերտ կար, իսկ մի դասարանում էլ՝ միայն մեկը։ Սպահանում տեսել եմ փակ դռներով տասնյակ հայկական եկեղեցիներ ու դպրոցներ: Այսինքն՝ հայության նոր սերունդները, կամա թե ակամա, կտրված են հայկական կրթությունից՝ հայկականությունից։ Եվ ոչինչ չես կարող անել, քանզի հիմա միջնադար չէ, երբ օտարության մեջ էլ հնարավոր էր համայնքային կյանքով ապրել, ոչ էլ նույնիսկ 20-րդ դարի առաջին կեսն է։ Այսպիսին է վիճակը իր ավանդույթներն ու դարերի պատմությունն ունեցող դասական սփյուռքում: Սակայն ավելի լավ չէ կամ նույնիսկ ավելի վատ է արտագաղթի արդյունք հետխորհրդային սփյուռքում, որտեղ օտարության մեջ ծնված առաջին իսկ սերունդն է կտրվում արմատներից, քանզի այստեղ բացակայում են նաև հայկականությունը պահպանելու ավանդույթներն ու փորձը։ Տնից դուրս, դպրոցական նստարանից սկսած, երեխայի լեզուն տվյալ երկրի լեզուն է, ընկերները, շրջապատը, սովորություններն ու նախասիրությունները՝ այդ երկրի ժողովրդինը։ Դժվար է պատկերացնել, որ այս երեխաները՝ օտարության մեջ մեծացած, այսպես թե այնպես այդ իրականությանն ինտեգրված, իրենց գործն ու տեղն այս կամ այն չափով գտած, վաղն ամեն ինչ կթողնեն ու Հայաստան կգան։
-Այսինքն՝ գործնականում զանգվածային հայրենադարձությունը ուտոպիստական ժանրի՞ց է:
-Չէի ուզենա ծայրահեղ հոռետես լինել, բայց դժվար եմ պատկերացնում, թե գործի ու կյանքի ինչպիսի պայմաններ պիտի ստեղծվեն Հայաստանում, որպեսզի ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի հայերը գայթակղվեն ու ներգաղթեն։ Գուցե Ռուսաստանի՞։ Բայց, միևնույն է, զանգվածային ներգաղթ դժվար է պատկերացնել։ Այնպես որ, ես զանգվածային ներգաղթին կհակադրեի զանգվածային արտագաղթի հաղթահարումը։ Ամենասեղմ ժամկետներում այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդը չմտածի Հայաստանից հեռանալու մասին։ Տարեկան մի քանի տասնյակ հազարի արտագաղթը կանխելն ինձ ավելի իրատեսական է թվում, քան հարյուր հազարների ներգաղթին սպասելը։ Ընդ որում՝ այս մի բանում համոզված եմ. երբ արտագաղթը դադարի, ներգաղթի դուռն էլ կբացվի։ Ի միջի այլոց, «Պողոս-Պետրոսը» նաև այս հարցերին է առնչվում։ Մեր վերջին 200 տարվա իրադարձությունների բովով են անցնում հերոսներս։ Վերջաբանն էլ վերնագրված է «Ինչպե՞ս մեզ փրկենք մեզնից»։ Այո՛, մենք շատ թշնամիներ ենք ունեցել, բայց մեր ողբերգություների և կորուստների համար ինքներս էլ մեղքի մեր բաժինը չունե՞նք։ Այս առումով նորից գանք արտագաղթին։ Խորհրդային տարիներին ովքե՞ր էին խոպանչիները։ Մի՞թե մյուս հանրապետություններում ամեն ինչ բարվոք էր, և վատ էր միայն Հայաստանում: Բայց և այնպես, մենք էինք գնում արտագնա սեզոնային աշխատանքի։ Արդյո՞ք սա դարավոր պետականազրկության հետևանքը չէ՝ բնավորություն դարձած։ ՈՒ՞մ է պատկանում «Որտեղ հաց, էնտեղ կաց» ասույթը։ Ահա թե ինչից մենք պետք է ազատվենք։ Երբ Հայաստանը անկախություն հռչակեց, ես մտածում էի՝ այսուհետ ինչի՞ մասին պիտի գրեմ։ Քանի որ մենք ենք մեր գլխի տերը, այլևս կաշառք ու թալան, խաբեություն ու ստորություն չի լինելու, այսինքն՝ քննադատելու ոչ մի բան։ Եղավ ճիշտ հակառակը։ Այնպես որ, թշնամիներից ոչ պակաս մենք ենք մեզ վնասում։ Ինչու՞։ Թումանյանը շատ խիստ էր: «Մենք,- ասում էր,- ներսից ենք փչացած»։ Սա հիշատակել էի գրքում, խմբագրիս խորհրդով հանեցի։
-Ինքնաքննադատական շեշտադրումը մեղմացրի՞ք:
-Այո՛, ձեռքս չգնաց գրիս մեջ այդքան հոռետես լինել:
-Տարվա մեծ մասը Լիտվայում անցկացնող գրողին ինչպե՞ս է հաջողվում այդքան հայկականություն ամբարել իր և իր գրի մեջ:
-Նախ ասեմ, որ չնայած հաճախակի բացակայություններիս, ես եղել ու մնում եմ Հայաստանի քաղաքացի: Իսկ կապս Լիտվայի հետ հինգ տասնամյակի պատմություն ունի։ 1996-ին Լիտվայի նախագահը լիտվական գրականությանը մատուցած ծառայություններիս համար (թարգմանել էի լիտվական գրականության մի քանի նշանավոր գիրք) ինձ պատվավոր քաղաքացիության պես մի բան շնորհեց։ Թերևս սա էլ հիմք դարձավ, որ 2004-ին, Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանի և հայ համայնքի նախագահի առաջարկով, դարձա Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների հանձնախմբի նախագահ։ Պատասխանատու առաջադրանք էր, և ես այնքան խորացա նյութի մեջ, որ ծավալուն ուսումնասիրություն գրեցի լիտվական «Ցեղասպանություն և դիմադրություն» հանդեսի համար, ապա հոդվածներ, հարցազրույց մամուլում, ցեղասպանությունը լուսաբանող լուսանկարների ցուցադրություն, գրքույկ, հատուկ ձեռնարկ Լիտվայի խորհրդարանի անդամների համար։ Իհարկե, միայն ես չէի տքնում, հանձնախմբի մյուս անդամները նույնպես ակտիվ էին: Արդյունքում 2005-ի դեկտեմբերին Լիտվայի խորհրդարանը, ի հեճուկս Թուրքիայի հակաքայլերի, պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
-Եվ այնուամենայնիվ, Լիտվայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար նախապատրաստված հիմքեր կայի՞ն, թե՞ զրոյական կետից եք սկսել:
-Որոշ բան մեզնից առաջ արվել էր՝ դեռևս ցեղասպանության 80-րդ տարելիցին: Կային հայամետ դիրքորոշում ունեցող պատմաբաններ, մտավորականներ, որոնք ճանաչում էին մեզ, գիտեին մեր պատմությունը: Բայց քաղաքական իրավիճակները մեր ժամանակներում արագ են փոխվում, այսօրվա իշխանությունը կարող է մի դիրքորոշում ունենալ, վաղվանը՝ մեկ ուրիշ: Չանտեսենք նաև նավթադոլարների շնորհիվ ադրբեջանական աշխուժացող հակահայ քարոզչությունը՝ իհարկե երբեմն անհեթեթության հասնող: Բայց լիտվացի ընթերցողն ինչպե՞ս թացը ջոկի չորից։ Օրինակ՝ անշուշտ կաշառված մեկը՝ լիտվացի, գրեց, որ իրենց Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը սխալ է եղել, որ ճիշտ կլինի այն հետ կանչել, քանզի Հայոց ցեղասպանություն հեքիաթը հորինել է Թուրքիայի թշնամի ԽՍՀՄ-ը: Ինձ էլ մնաց նույն թերթի էջերից հակադարձել, կարծում եմ այնքան հիմնավոր, որ պատմաբան-լրագրող կոչվածը այլևս ծպտուն չհանեց: Հիմա էլ իրավիճակը անամպ չէ: Բարեբախտաբար, Հայաստանի ներկայիս դեսպան Տիգրան Մկրտչյանը, ակտիվորեն համագործակցելով Լիտվայի հայերի միության հետ, արդյունավետ է աշխատում թե՛ քաղաքական, թե՛ մշակութային ոլորտում։
-Փաստորեն, մի դեպքում սփյուռքն ուծացման գործոն է, մեկ այլ դեպքում՝ հայ ինքնությանն ու պատմությանն առավել ամուր կապվելու խթան:
-Թող զարմանալի չթվա, եթե ասեմ, որ Հայաստանից դուրս, մասնավորապես Լիտվայում, ես ավելի նախանձախնդիր եմ դառնում հայաստանյան և ազգային խնդիրների հարցում: Պատճառը թերևս այն է, որ Հայաստանում գլխիդ պետություն կա, կառավարություն, կուսակցական գործիչներ, քաղաքագետներ, պատմաբաններ, լրագրողներ: Լիտվայում հակահայկականության յուրաքանչյուր դրսևորում, լինի դրսից եկած որևէ լուր, թե թուրք-ադրբեջանական տեղական սադրանք (որևէ միջոցառում, հոդված թերթում) ասես անձամբ քո հասցեով եկած լինի: Եվ դու, գիրք ու գրականություն մոռացած, անցնում ես հակահարված տալուն: Հայաստանն ու հայության խնդիրները ես գիտեի ներսից, Լիտվայում տեսա նաև դրսից։ Ընդարձակվեց, այսպես ասած, տեսադաշտս։ Լիտվան ճանաչեց ցեղասպանությունը, մեր նպատակին հասանք, բայց անձամբ իմ գործը չավարտվեց։ Շարունակությունը եղավ «Ժամանակի գետը», որը երբեք չէր գրվի, եթե չլինեին Ցեղասպանության 90-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքները։ Ինչպես գիտեք, վեպում ես մինչև անգամ բազմաթիվ վավերագրեր եմ մեջբերել։ «Պողոս-Պետրոսում» էլ քիչ չեն վավերագրերը։ Նույնիսկ ավելի շատ են։ Մի կողմից ձգտում էի առավելագույն հավաստիության, մյուս կողմից էլ այս վեպում պատմական անձինք կան, որոնց շատ գործողություններ ու մտքեր, եթե հորինովի հերոսների վերագրվեին, անհավանական կթվային։
-Վերջին շրջանի ձեր բոլոր գրքերը կարծես թե այդ ընդլայնված տեսադաշտի արդյունք են։
-Այո՛: «Ոստանի վերջին ճամփորդությունը» և «Ազատ հայը» արտագաղթի թեման են շոշափում։ Առաջինի հերոսը, երիտասարդությունը ռուսաստաններում և այլուր շռայլած, կյանքի մայրամուտին վերջապես կռահում է, որ «Հողին վրա ուրիշին// Ծառը, որ դու տնկեցիր,//Չի տար կյանքի հովանին»։ Եվ բռնում է հայրենիքի ճամփան։ Բայց արդեն ուշ է, Հայրենիքն էլ գերեզմանատուն չէ: Եվ նա վախճանվում է ճանապարհին՝ այնտեղ, որտեղ վատնել էր իր կյանքը։ «Ազատ հայի» հերոսը («ազատ»-ն այստեղ հեգնական իմաստով պետք է հասկանալ), ընդհակառակը, երիտասարդ է, նոր է սկսում արտագաղթածի իր ուղին։ Անցնելով բազում տհաճությունների ու նվաստացումների բովով՝ ի վերջո, ունևոր մարդ է դառնում, բայց՝ թոթափած ազգային ամեն ինչ, մոռացած Հայաստան, հայություն, հայրենիք. այլ խոսքով՝ ազատ հայ դարձած։ Ցավոք, այս տեսակին հանդիպելու առիթներ նույնպես ունեցել եմ։
-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք։
-Ծրագրեր կան, բայց դեռ չեմ կողմնորոշվել։ Դեռ «Պողոս-Պետրոսի» ծիրում եմ, այնտեղ ասվածի ու չասվածի։ Իրոք, ինչպե՞ս մեզ փրկենք մեզնից։ Անկախ պետականությունը մեր մեծագույն ձեռքբերումն է, խնդիրը՝ այն ամրապնդելը։ Վեպի վերջաբանում երազ եմ տեսնում, որտեղ հայրենակիցներս գիտակցել են, որ իրենց՝ հայի ներկա սերունդներին, բացառիկ հնարավորություն է ընձեռնված՝ վերածնելու Հայաստան աշխարհը, դարձնելու ավետյաց երկիր։ Եվ հիմա ուզում եմ հավատալ, որ այս երազս երազ չի մնա։
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
- Անհամբեր ու սիրով եմ սպասում իր հերթական գրին, ես էդ գրի մշտամնա ընթերցողն եմ
- Դերենիկ Դեմիրճյանի ժառանգության արժևորումը՝ ժամանակակից գիտական խոսքով
- Երախտագիտություն՝ կինոլեզվով
- Դերենիկ Դեմիրճյան-145
- «Այս մարդիկ չեն սիրում մեր ժողովրդին, պատրաստ չեն նրա հոգսը կրելու՝ առանց պարգևավճարի»
- «Պետությունը կորցրել է իր դեմքը, և եթե մենք թույլ տանք, որ այս ճգնաժամն ավելի խորանա, ուղղակի կկործանվենք»
- «Կա այսպիսի մի կարծիք՝ հարկ է ստեղծել Հայաստան ամրոց-պետություն»
- «Մի բան հստակ է՝ այս իշխանությունները պետք է անհապաղ հեռանան»
- «Եթե մեր մշակույթը լիներ բարձր մակարդակի վրա, մենք այսօրվա ողբերգությունը չէինք ունենա»
- «Մեր թշնամու գործած ոճիրներից ու հանցագործություններից ոչ մեկը թույլատրված չէր որևէ օրենքով»
- «Ի սկզբանե մտածել են արնաքամ անել ժողովրդին, բերել-հասցնել մի վիճակի, որ հետո ասեն՝ դե՜, չդիմացանք, ու ստորագրեն այս փաստաթուղթը»
- «Վերջին տեխնոլոգիաներով զինված հարուստ, անպարտ բանակ, սեփականին զուգահեռ՝ պետական հզոր արդյունաբերություն պիտի ստեղծենք»
- «Եթե հիմա ենք գնում փոխզիջման, դրա տակ ի՞նչ է ենթադրվում. ինքնաոչնչացու՞մ, ինքնասպանությու՞ն»
- «Աստված մեզ հետ է և մեր արդար գործին զորավիգ»
- «Պարտադրված պատերազմը, իհարկե, ծանր բան է, բայց մենք պատրաստ էինք դրան»
- «Հանուն ազգի, հանուն հայրենիքի զոհվածների հերոսությունը չափանիշների փոփոխության ենթակա չէ»
- «Ինչպես Հիսուսը, այդպես էլ Նարեկացին Աստծուց ներողություն է խնդրում բոլորիս մեղքերի համար»
- «Մենք աշխարհի մեջ ենք, ու աշխարհն է մեր մեջ. պարզապես, որպես գաղտնի զենք, ունենք Ոգին, որ մեզ պահել ու պահելու է»
- «Մենք Աստուծոյ փառք կու տանք, որ հայրենիքը կը մնայ հայրենիք եւ մեր մնայուն հասցէն»
- «Կարդում էի այն ստեղծագործությունների ցանկը, որ պատրաստվում են հանելու դպրոցական դասագրքերից, ու սարսափում էի»
Մեկնաբանություններ